Նոր պատերազմը կարող է սկսվել ամեն օր, իսկ դրան չնախապատրաստվելը այս իշխանություններին դարձնում է ոչ միայն ավելորդ, այլև ազգային անվտանգության համար մեկ սպառնալիք․ Աղասի Ենոքյան
Արցախի կապիտուլյացիան չլուծեց հիմնական խնդիրը, որ տասնամյակներով դրված էր ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի վրա՝ արդյունքում ստանալ կայուն տարածաշրջան, Հայաստանի համար ունենալ անվտանգության գործուն երաշխիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
«Արցախի կորուստով խախտվել են տարածաշրջանի փուխր բալանսի մեխանիզմները, որը շուրջ 25 տարի լավ կամ վատ, բայց ապահովում էր հայ-ադրբեջանական որոշակի խաղաղություն։
Ակնհայտ է, որ այս բոլոր խնդիրների առկայությունը նշանակում է մեկ բան․նոր պատերազմը կարող է սկսվել ամեն օր, եւ այդ պատերազմին պետք է պատրաստվել այսօրվանից։
Պատերազմին պատրաստվելու ամենամեծ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որը այդ գործի համար իր ապիկարությունը ցույց տվեց անցած պատերազմի ընթացքում, ընդ որում բոլոր բնագավառներում՝ դիվանագիտական, ռազմական, ինֆորմացիոն, մարդկային եւ նյութական ռեսուրսների կառավարման, եւ այլն։ Հիմա դրան գումարվել է նաեւ այն հանգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն աշխատում։ Հնարավոր դիվանագիտական կարգավորումները թողնված են ինքնահոսի, փախստականների խնդիրները համարյա ամբողջովին դրված են կամավորների վրա, համաճարակը անխոչընդոտ մոլեգնում է։
Անհասկանալի է, թե այս իշխանությունները ինչի համար են եւ ինչու են ուզում շարունակել իրենց պաշտոնավարումը։ Սակայն մոտալուտ պատերազմի վտանգը եւ դրան չնախապատրաստվելը այս իշխանություններին դարձնում են ոչ միայն ավելորդ, այլեւ ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքը։ Մեկ օր շուտ նրանց հեռացումը ավելի անվտանգ է դարձնելու Հայաստանը»,- գրել է Ենոքյանը։










