Հույս ունեմ՝ այս կառավարությունը մեկ անգամ մեզ Արցախում կոտորելուց հետո նույնն այստեղ չի անի ու հրաժարական կտա. քաղաքացի (տեսանյութ)
Ես հույս ունեմ, որ այսօրվա կառավարությունը խելացի կլինի և մեկ անգամ մեզ Արցախում կոտորելուց հետո, այստեղ նույնը չի անի և հրաժարական կտա: Այս մասին Tert.am-ին ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի հրաժարականը կլինի հարցի լուծում: «Նա կապիտուլյացիայի ենթարկեց, էլ ի՞նչ աներ, թող հրաժարական տա կփոխվի: Այսինքն՝ ի՞նչ են ուզում անենք, սուս ու փուս նստե՞նք, կապիտուլյացիան ընդունե՞նք: Առայժմ, այսօր նրա գնալն ամենակարևորն է, դասալիք կառավարություն մեզ պետք չէ»,- ասաց քաղաքացին:
Նրա խոսքով՝ վարչապետը պետք է չստորագրեր այդ թուղթը: «Ես այդքանն եմ հասկանում, եթե իրեն ստիպել էին ստորագրել, նա կարող էր հրաժարվել և հրաժարական տար: Միգուցե ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, բայց եթե ինձ ստիպում են ստորագրել մի թուղթ, որի հետևանքի պատասխանը չկա, ես կթողնեմ, կհրաժարվեմ կգնամ, ոչ թե աթոռս կպահեմ»,- հայտարարեց քաղաքացին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։










