Ռոհանին կորոնավիրուսի համավարակի 3-րդ ալիքի դեմ պայքարի նպատակով «ազգի և կառավարության համընդհանուր մոբիլիզացում» է հայտարարել

12:10 • 16.11.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի դեմ պայքարի համար «ազգի և կառավարության համընդհանուր մոբիլիզացում» է հայտարարել. որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսլամանական հանրապետության առողջապահության նախարարության մարմինները վարակի տարածման ամբողջ ընթացքում օրական ամենաբարձր ցուցանիշն են գրանցել, գրում է eadaily.com կայքը:

«Կոչ եմ անում բոլոր կառավարական կազմակերպություններին, այլ ուժերին և հիմնարկություներին բոլոր հնարավոր ուժերով օգնության հասնել առողջապահության նախարարությանը, բուժաշխատողներին»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Ռոհանիի կառավարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ից Թեհրանում և երկրի մոտ 100 այլ քաղաքներում ու գյուղերում սահմանափակումների առավել խիստ ռեժիմ է գործելու: Չհիմնավորված գործունեություն ծավալող ձեռնարկությունները փակվելու են, արգելվելու է անձնական տրանսպորով այս բնակավայրեր մուտքն ու ելքը: 

Իրանցի պաշտոնյաները բազմիցս բողոքել են, որ շատերն անտեսում են տանը մնալու և առողջապահական արձանագրություններին հավատարիմ մնալու կոչերը, միևնույն ժամանակ Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մոհսեն Հաշեմին կիրակի զգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին մայրաքաղաքում կարող է օրական կորոնավիրուսից 1000 մահվան դեպք գրանցվել:

Իրանի առողջպահության նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ երկրում մեկ օրում գրանցվել էր 12 543 նոր դեպք, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ: Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը համավարակի սկզբից հասել է 762 068-ի: Առողջապահական գերատեսչությունից հայտնել են նաև հիվանդության հետևանքով 459 մահվան դեպքի մասին, իսկ ահա համավարակի զոհերի ընդհանուր թիվն այստեղ հասել է 41 493-ի: