Հարգելի՛ ԱԱԾ, վնասազերծե՛ք կառավարական ամառանոցում գտնվող զինված խմբերին. Փաշինյանի հրահանգով նրանք փորձելու են խաղաղ ցուցարարների նկատմամբ ընդհուպ հրազեն կիրառել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
«Antifake.am» կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ կառավարական ամառանոցի տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հավաքագրված անձանցից զինված խմբեր են ձևավորվում, որոնք պատրաստվում են մայրաքաղաքում սադրանքների գնալ, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն, անգամ` հրազեն կիրառել:
«Հարգելի՛ ԱԱԾ, վնասազերծե՛ք կառավարական ամառանոցում գտնվող զինված խմբերին. Փաշինյանի հրահանգով նրանք փորձելու են խաղաղ ցուցարարների նկատմամբ ընդհուպ հրազեն կիրառել: Այսօր Նիկոլ Փաշինյանն արեց իր վերջնական արարը` փաստացի հայտարարեց, որ սպասում է մարդկանց, որոնք գալու են այնտեղից, այնինչ նրանք արդեն այստեղ են` կառավարական ամառանոցում, և դուք դրա մասին շատ լավ գիտեք»,- նշել է Սամսոնյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ըստ «Mediaport» թելեգրամյան ալիքի` Նիկոլ Փաշինյանը զինված հրոսակներ է հավաքագրում կառավարության ամառանոցում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»:
Վարչապետի այս գրառումից հետո աշխատանքից ազատման դիմում գրելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ հայտնեց` եթե իշխող խմբակցությունն անհապաղ քայլեր չձեռնարկի, ինքը ևս վայր կդնի մանդատը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ վարչապետի գրառումը քննադատած իշխանական պատգամավորներից մեկն իրեն է դիմել` պնդելով, որ կյանքից զրկելուն ուղղված սպառնալիքներ է ստանում:










