Արցախի հարցով ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ քննարկվելու մասին խոսակցությունը կատարյալ անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի հարցի մասին (տեսանյութ)
Դա կատարյալ անհեթեթություն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, օնլայն ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի՝ իրեն ուղղված հարցին, թե ճի՞շտ է, որ Արցախի հարցով ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել եք ԱՄՆ ներկայացուցիչների հետ:
Վարչապետը հայտնեց, որ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել է 5 խոսակցություն՝ 3 անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն հետ, 2 անգամ՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի:
«Այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկներ, այլ ամերիկյան առաջարկներ: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել: Մինչդեռ ՌԴ նախագահի ես մշտական կապի մեջ եմ եղել, օր է եղել մենք 5-6 անգամ իրար հետ զրուցել ենք: Եվ սա բացարձակ անհեթեթություն է, կատարյալ անհեթեթություն: Դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները պարզապես տարօրինակ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:










