«ԼՂ բնակիչները դրական տրամադրվածությամբ են դիմավորել մեր խաղաղապահ զորախմբին». ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ

17:05 • 16.11.20

Լեռնային Ղարաբաղի բնակիչները դրական տրամադրվածությամբ են դիմավորել իրենց տարածաշրջան ժամանած ռուս խաղաղապահներին, այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, գրում է gazeta.ru կայքը: 

«Տեղի բնակիչները շատ դրական տրամադրվածությամբ են դիմավորել մեր խաղաղապահ զորախմբին: Հույս ունեն, որ մեր ժամանմամբ կրկին խաղաղություն կհաստատվի»,- նշել է գնդապետը:

Նրա խոսքով՝ մայրաքաղաք Ստեփանակերտն աստիճանաբար իր բնականոն կյանքին է վերադառնում: Արցախի բնակիչների համար Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումներ են կազմակեպվել: 

Պոլյուխովիչը մանրամասնել է, որ քաղաքացիական տրանսպորտը շարժվում է բացառապես խաղաղապահների ուղեկցությամբ: 

«Մեզ պաշտպանված զգացինք, երբ ասացին, որ խաղաղապահներ են այստեղ գալիս, թեթևությամբ շունչ քաշեցինք, որ բոլոր դեպքերում մեզ պաշտպանում են»,- պատմել է Ստեփանակերտի բնակչուհի Նատալյա Պետրոսյանը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որի համաձայն՝ ռուս խաղաղապահ ուժեր են տեղափոխվել ԼՂ: