Իրանցի բարձրաստիճան հրամանատարը կրկին խոսել է Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու մասին

15:52 • 16.11.20

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին կրկնել է պնդումն առ այն, որ իր երկիրը վրեժխնդիր կլինի կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին սպանողներից: Այս մասին գրում է almasdarnews.com կայքը:

Սալամին Իրաքի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այս վրեժը ոչ մի կապ չունի Սոլեյմանիի և իրաքցի ռազմական գործիչ ԱբուՄահդի ալ-Մուհանդիսի սպանության գործով շարունակվող դատավարության հետ և որ իրենք վստահ են, որ Իրաքի որդիները վրեժխնդիր կլինեն ալ-Մուհանդիսիի արյան համար:

Նա նշել է նաև, որ Սոլեյմանին և ալ-Մուհանդիսին վճռորոշ դեր են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության չեզոքացման գործում:

«Կասկած չկա, որ Սոլեյմանին Մուհանդիսիի ուղեկցությամբ վճռորոշ դեր է խաղացել իսլամական աշխարհից  ԻՊ-ն արմատախիլ անելու և տարածաշրջանում սիոնիստական և ամերիկյան ծրագրերը խափանելու գործում»,-հայտարարել է Սալամին:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության հետևանքով սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար, իսկ օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: