Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
Շավարշ Քոչարյանն ԱԳ նախարարի տեղակալ էր նշանակվել 2018թ. հունիսի 8-ին` ՀՀ վարչապետի որոշմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տարածվել էր, որ Շավարշ Քոչարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Tert.am-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ԱԳ փոխնախարարը դիմում է գրել, ինչին ի պատասխան Աննա Նաղդալյանը ասել է՝ պետք է ճշտի Շավարշ Քոչարյանից։
Այնուհետև հայտարարություն տարածվեց առ այն, որ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները:
Tert.am-ի դիտարկմանը՝ հարցը չի վերաբերում նրան, թե ԱԳ փոխնախարարը շարունակո՞ւմ է կատարել իր պարտականությունները, թե՝ ոչ, հարցն այն է ՝արդյոք նա աշխատանքից ազատման դիմում գրե՞լ է, ԱԳՆ խոսնակը արձագանքել էր. «ԱԳՆ պաշտոնական հայտարարությունն է՝ Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»։










