ԱՄՆ Պետդեպը Ռուսաստանից ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնության մանրամասները

02:17 • 17.11.20

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանից ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնության մանրամասները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ճանաչում են Ղարաբաղի հարցում ՌԴ-ի ջանքերը, սակայն սպասում են համաձայնության մանրամասներին, այդ թվում՝ Թուրքիայի դերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։