Բելառուսը նվազեցրել է «Արևելյան գործընկերություն»-ում մասնակցության մակարդակն ու հրաժարվել շարունակել Բրյուսելի հետ մարդու իրավունքների հարցերով երկխոսությունը

16:26 • 17.11.20

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Մինսկը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծում իր մասնակցությունը նվազեցնում է մինչև փորձագիտական մակարդակի: Այս մասին տեղեկանում ենք belta.by կայքից:

«Մենք տեսնում ենք, որ այս նախաձեռնության շրջանակներում կան մի շարք ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային նախագծերի քաղաքականացման փորձեր»,-հայտարարել է Մակեյը:

Որոշումը քննարկվել է հանրապետության նախագահի հետ, արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող հանդիպման ժամանակ:

Բելառուսի իշխանությունները հրաժարվել են նաև Բրյուսելի հետ շարունակել մարդու իրավունքների հարցերով երկխոսությունը:

«Մենք երբեք չենք հրաժարվել զգայուն հարցերի քննարկումից: Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ հարցերը բացարձակապես քաղաքականացված են: Հետևաբար, մենք իմաստ չենք տեսնում շարունակել ԵՄ-ի հետ մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունը» -ավելացրել է Մակեյը:

«Արևելյան գործընկերություն»-ը Եվրամիության նախագիծ է, որն ուղղված է վեց արևելյան հարևանների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: