Արմեն Ջիգարխանյանին հուղարկավորել են Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հուղարկավորել են Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ ու ընկեր Արթուր Սողոմոնյանը։
«Արմեն Բորիսովիչին հողին են հանձնել Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին», - հայտնել է Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է լույս նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում։
Մեծանուն դերասանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 17-ին, Մոսկվայի դրամատիկական թատրոնում։
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:
Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:










