Ֆրանսիական ռադիոկայանը սխալմամբ հրապարակել է Էլիզաբեթ 2-րդի և այլ հայտնիների՝ նախապես գրված մահախոսականները
Ֆրանսիական ռադիոկայանը սխալմամբ հրապարակել է ողջ և գործունեություն ծավալող մի քանի հայտնի մարդկանց նախապես պատրաստված մահախոսականները, ինչի համար ստիպված է եղել ներողություն խնդրել, գրում է bbc.com կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Radio France Internationale կայքում ժամանակից շուտ հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի, ինչպես նաև հոլիվուդյան դերասան Քլինթ Իսթվուդի, ֆուտբոլիստ Պելեի և դերասանուհի Բրիջիթ Բարդոյի մահախոսականները:
Ռադիոընկերությունից ավելի ուշ մանրամասնել են, որ նյութը հրապարակվել է «տեխնիկական խնդիրների պատճառով»:
«Ներողություն ենք խնդրում այս հարցով մտահոգ մարդկանցից և նրանցից, որոնք հետևում և վսահում են մեզ»,- նշել է հեռարձակող ընկերությունը:
Նշվում է, որ միջազգային լրատվամիջոցները հաճախ են նախապես մահախոսական պատրաստում, որպեսզի ականավոր մարդկանց մահվան լուրն իմանալուն պես կարողանան առավելագույն կարճ ժամանակահատվածում հրապարկել համապատասխան նյութը:










