Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա անողներին, այդ թվում՝ ակցիայի կազմակերպիչ Վահագն Վարագյանին (տեսանյութ)
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել և տարվել են Կենտրոնի ոստիկանության բաժին, որոնց թվում է նաև ակցիայի կազմակերպիչ Վահագն Վարագյանը: «Ակցիան չսկսած՝ ոստիկանները բերման ենթարկեցին մեր ընկերներից երեքին կամ ավելիին. ակցիան իր նպատակին չհասավ»:
Նա նշեց, որ այս ընթացքում որևէ ապօրինի քայլ չի եղել, և այն պետք է համապատասխան գնահատական ստանա: Ըստ նրա՝ ակցիայի նպատակն այն է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է, իր կարծիքով, հանդես գա Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն հայտնի փաստաթղթի մասին:
«Ակցիաները, բնականաբար, իրենց տրամաբանական շարունակություններն են ունենալու, մինչև մենք վստահ լինենք, թե այս ոլորտը համակարգող և իրեն «սուպեր նախարար» հռչակողն ինչ տեսակետ ունի և ասի, եթե կողմ է, ինչ է ձեռնարկում, եթե դեմ է, ինչ է ձեռնարկում»,-ասաց նա և հավելեց, որ գնալու են բաժին՝ ընկերներին հանդիպելու:










