Մոսկվայում նոյեմբերի 18-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ-ից և Ֆրանսիայից չորեքշաբթի դիվանագետներ կժամանեն Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմից հանդիպմանը ներկա կլինի ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանորդ Իգոր Պոպովը»,- հավելել է Զախարովան:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը տեղեկացրել էր, որ չորեքշաբթի Մոսկվայում դիվանագետների մասնակցությամբ հանդիպում կկայանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով:
«Մի կողմից հրադադարի ռեժիմն անհրաժեշտ էր հազարավոր կյանքեր փրկելու համար: Մյուս կողմից՝ այդ հրադադարի ռեժիմը չի կարգավորում խնդիրը: Եվ հիմա հարց է առկա. ինչպե՞ս վաղը կկարգավորվի խնդիրն ըստ էության»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:










