«Թվում էր՝ նա նոր Ռուսաստանի մարմնացումն է». Օբաման պատմել է Մեդվեդևից ստացած տպավորությունների մասին

14:37 • 17.11.20

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նոր ինքնակենսագրական հուշագրությունում խոսել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևից ստացած տպավորությունների մասին՝ նշելով, որ նա ռուս պաշտոնակցին «նոր Ռուսաստանի մարմնավորում» է համարել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, թվում էր, նոր Ռուսաստանի մարմնացումն է. երիտասարդ, բարետես, հագին՝ եվրոպական ոճով կոստյումներ»,- նշել է Օբաման իր «Ավետյաց երկիր» գրքում, որն այսօրվանից վաճառքի է ներկայացվել: 

Նախկին նախագահը հավելել է, որ Մեդվեդևն «ակնհայտորեն հասկանում էր անգլերեն՝ չնայած, որ նախընտրում էր թարգմանչի միջոցով շփվել»: 

Օբաման այնուհետև պատմել է 2009 թվականի ապրիլին Լոնդոնում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի մասին՝ նշելով, որ պետությունների բոլոր ներկա ղեկավարներից ինքն ամենաշատն էր հետաքրքրված Մեդվեդևի հետ հանդիպմամբ: Նրա խոսքով՝ այդ ցանկության պատճառը ռուս-ամերիկյան ցածր մակարդակի հարաբերությունները և 2008 թվականին վրաց-հարավօսական հակամարտությունն էր: 

«Իմ վարչակազմը հույս ուներ նախաձեռնել այն, ինչը մենք անվանում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերագործարկում»՝ մեր շահերը պաշտպանելու, տարածաշրջանում մեր ժողովրդավարական գործընկերներին պահելու, միջուկային զենքի չտարածման և զինաթափման նպատակով համագործակցության հաստատման համար երկխոսություն սկսելով»,- նշել է ԱՄՆ նախկին առաջնորդը: