ՌԴ պաշտպանության փոխնախարարն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են Արցախում տիրող հումանիտար իրավիճակը

20:43 • 17.11.20

ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Կամիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը քննարկել են Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ռազմական գերատեսչությանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին առնչվող հարցեր, ինչպես նաև ՌԴ ՊՆ-ի և ԿԽՄԿ միջև համագործակցության հեռանկարներն ու ընթացիկ դրությունը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Կողմերը հաստատել են հետաքրքրվածությունը ճգնաժամային տարածաշրջանների բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու գործում երկխոսոսությունը և փոխգործակցության զարգացումը շարունակելու հարցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: