Քաղաքական ընդդիմության առաջնորդներին ժամը 16:00-ին հրավիրում են ՀՔԾ, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել հանրահավաքին. Արսեն Բաբայան
Ենթադրում եմ, որ հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն մեղադրանք առաջադրելու, իբր իմ կողմից հանրահավաք կազմակերպելու համար, այսինքն՝ այն նույն գործով, ինչով ինձ ձերբակալել էին մի քանի օր առաջ. Հատուկ քննչական ծառայության շենքի առջև լրագրողի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Հիմնականում քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրում են ժամը 16:00-ին՝ նպատակ ունենալով ժամանակ ձգել, որ հանրահավաքի ընթացքում քաղաքական ընդդիմության առաջնորդները չկարողանան ելույթ ունենալ և մասնակցել հանրահավաքին»,– ասաց նա:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ևս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, նա նշեց, որ ՀՔԾ են հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը:
Ի պատասխան դիտարկմանը, որ վարչապետը ներկայացրել է հետագա անելիքների քարտեզ, նա ասաց. «Վարչապետը մի կարևոր կետ էր մոռացել՝ երկիր կորցրած վարչապետը պետք է ներկայացնի հրաժարական: Իսկ իշխանական շրջանակներից այն տեղեկությունները, որ ինչ-որ մարդիկ ուզում են հանրահավաք կազմակերպել, բայց իրենք հորդորում են դա չանել՝ ռազմական դրությունով պայմանավորած, երկու նպատակ ունի․ նախ՝ ձեռքերը լվանալ սադրանքներից և մարդկանց վախեցնել հանրահավաքի գնալու համար»:
Նշենք, որ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը ևս իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, նրան մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածի 1-ին մասով: «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ևս հայտնել էր, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաք են հրավիրել:










