ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի արտերկրում ՌԴ զինված ուժերի կիրառման հարցը. «ՌԻԱ Նովոստի»

10:26 • 18.11.20

Սենատոր Վյաչեսլավ Տիմչենկոն «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հաստատել է, որ ՌԴ Դաշնային խորհուրդը չորեքշաբթի կքննարկի արտերկրում ՌԴ զինված ուժերի կիրառման հարցը. դա կարող է կապված լինել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հետ:

«Կարծում եմ՝ այո, ամենայն հավանականությամբ, խոսքը Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահների մասին է»,-համապատասխան հարցին ի պատասխան ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: