«Առանցքային դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում». Մատվիենկոն գնահատել է ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում

12:15 • 18.11.20

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի առանցքային դեր  է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում: Այս մասին այսօր կայացած լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սենատորները համաձայնություն են տվել ՌԴ նախագահին` Լեռնային Ղարաբաղում երկրի զինված ուժերը խաղաղապահ առաքելության նպատակով օգտագործելու համար:

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներդրումը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը կանխելու գործում և խաղաղություն է բերել այս բազմաչարչար հողում»,-ասել է Մատվիենկոն:

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները կատարում են ոչ միայն իրենց հիմնական, այլ նաև մարդասիրական գործառույթներ` աջակցելով փախստականների վերադարձին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: