Կրեմլում բացատրել են ԼՂ խաղաղապահներ ուղարկելու հարցով Դաշնային խորհրդին դիմելու անհրաժեշտությունը

17:00 • 18.11.20

Լեռնային Ղարաբաղում ՌԴ զինված ուժերի օգտագործման համար Դաշնային խորհրդից լրացուցիչ թույլտվությունը պահանջվել է`ելնելով տվյալ խաղաղապահ առաքելության տևողությունից և մասշտաբներից: Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ 2015 թվականին Դաշնաին խորհուրդը որոշում է ընդունել արտասահմանում ռուսական ռազմական անձնակազմի օգտագործման մասին, «որը հանդիսացել և հանդիսանում է նախագահի համար նման օպերատիվ որոշումներ կայացնելու իրավական հիմքը»:

«Բայց հաշվի առնելով, որ մեզ սպասվում է (Ղարաբաղում խաղաղապահ առաքելության) հնգամյա ժամկետ, որը հետագայում կարող է երկարաձգվել, հաշվի առնելով այս առաքելության մասշտաբներն ու պատասխանատվությունը, թույլտվություն ենք խնդրել (Դաշնային խորհրդից)», -բացատրել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: