Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը փախստականներին ԼՂ տեղափոխող 24 ավտոբուս են ուղեկցել. ՌԴ ՊՆ

10:18 • 18.11.20

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք ժամանած փախստականներ տեղափոխող 24 ավտոբուս են ուղեկցել, գրում է eadaily.com կայքը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։

Աղբյուրը մանրամասնում է, որ փախստականների վերադարձը և շփման գծով նրանց տեղափոխումը կազմակերպվել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի վերահսկողությաբ։

Հայտնի է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 խաղաղ բնակիչ, որոնք նախկինում ստիպված էին լքել իրենց տները։

Քաղաքում տեղակայվել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ղեկավարությամբ գործող օպերատիվ խումբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: