Եթե իրավաբանական այդքան գիտելիք չունեք, խոստանում եմ օժանդակել անվճար. Գաբրիել Բալայանը` Արման Բաբաջանյանին

13:17 • 19.11.20

Ազգային ժողովի արտահերթ նիստին պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, արձագանքելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին, որտեղ մեղադրանքներ են հնչեցվել, կոչ արեց չհիմնավորված հայտարարություններ չանել:

«Կխնդրեմ, որ մնաք էթիկայի կանոնների շրջանակում և մեղադրանքներ հնչեցնելուց լինել հստակ, եթե իրավաբանական այդքան գիտելիք չունեք, խոստանում եմ օժանդակել` հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք իրավապահ մարմիններին` կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելով` մաֆիոզ, կլանային և այլն… ամպագոռգոռ  բառեր հնչեցնելը…»,-ասաց Գաբրիել Բալայանը, սակայն, տեղից արձագանքելով՝ Արման  Բաբաջանյանը չէր թողնում փոխնախարարին ավարտել իր խոսքը:

Գաբրիել Բալայանը, դիմելով նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին, ասաց. «Տիկի՛ն Նազարյան, խնդրում եմ կարգի հրավիրել պատգամավորին»: Վերջինս խնդրեց տեղից չարձագանքել:

«Իմ չափը ճանաչելու հետ կապված՝ կարծում եմ, որ այստեղ պետք չէ դրա մասին խոսել, Դուք Ձեր չափը ճանաչեք: Եթե ես սկսեմ Ձեր նկրտումների մասին խոսել»,-ասաց փոխնախարարը և ևս մեկ անգամ զսպվածության կոչ արեց:

«Իմ ծառայություններն եմ առաջարկում՝ Ձեզ օժանդակելու` իրավապահ մարմիններին ներկայացնելու հաղորդում հանցագործության մասին անվճար»,-հավելեց նա: