ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ռազմական դրության չեղարկման և վարչապետի հրաժարականի օրակարգով այսօր նորից դիմելու են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար. Շաքե Իսայան

10:47 • 19.11.20

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ ճեպազրույցների ժամին վերահաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում:

Հարցին՝ այդ օրակարգին հասնելու համար միայն հանրահավաքների ճանապարհն են դիտարկում, թե՞ խորհրդարանական ճանապարհն էլ են դիտարկում, ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն ասաց. «Ինչպես տեսնում եք՝ բացի հավաքներից մենք օգտագործում ենք նաև խորհրդարանական գործիքակազմը, և, ցավոք սրտի, «իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԱԺ խորհդի նիստին չեն մասնակցում և քվորումի բացակայության պատճառով չենք կարողանում այդ օրակարգը բերել խորհրդարան: Իսկ օրակարգն է  ռազմական դրության չեղարկում, որն այլևս իրավաչափ չէ և այնուհետև վարչապետի հրաժարականի հարցը»:

Իսայանը տեղեկացրեց, որ այսօր կրկին ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դիմելու են ԱԺ-ին՝ արտահերթ նիստ նորից նույն օրակարգով քննարկելու համար:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց՝ իսկ ին՞չ է եղել, որ չշարունակի մնալ այդ հարցը մեր օրակարգում, որևէ իրողություն չի փոխվել, որ չշարունակվի: «12 հազար քմ-ից 9.4-ը հանձնվել է, ընդ որում, ամբողջ այս պատմությունը ցույց է տալիս, որ հնարավոր էր պատերազմը ժամանակին կանգնեցնել, կանգնեցնել մեկ շաբաթ, 15 օր, 20 օր հետո:

Ստացվում է, որ 9000 քմ-ից հանձնած տարածքներից կեսից ավելին հանձնում ենք առանց պատերազմի, խոսքը գնում է Քարվաճառի, Բերձորի, Լաչինի շրջանի և Աղդամի մի հատվածի մասին: Առանց ԼՂԻՄ-ի՝ Հադրութի շրջանի և Մարտունու մի հատվածի, մնացածը մենք հանձնում ենք այդ առանց պատերազմի»,- ասաց նա:

Հարցին էլ՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն անձամբ չի մասնակցում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներին, Մելքումյանն ասաց. «Մենք որևէ խնդիր չունենք, դուք տեսնում եք, որ հանրահավաքներից 5 րոպե, կես ժամ, մեկ ժամ առաջ մարդկանց հրավիրում են ՀՔԾ, ԱԱԾ: Այսինքն՝ ֆիզիկապես մարդը ներկա լինելու հնարավորություն պետք է ունենան, հենց այդ հնարավորությունը լինի, կմասնակցի»: