Հրապարակելու եմ այն դատավորների անունները, հանրային հնչեղություն ունեցող գործերով Փաշինյանի թիրախում գտնվող անձանց կալանավորելու են՝ կայացնելով ապօրինի ակտեր․ Ռուբեն Մելիքյան

19:14 • 19.11.20

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  այն տեղեկությանը, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատավորներից մեկին ու նրա հետ դատավորների ցուցակ քննարկել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր տելեգրամ ալիքներից մեկում տեսա տեղեկատվություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին և նրա հետ կազմել այն դատավորների ցուցակը, որոնք առաջիկա օրերի կամ շաբաթներում ընթացքում բավարարելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։

Չեմ կարող հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը։ Սակայն որպես երկար տարիներ Հայաստանի դատական համակարգին հետ առնչություն ունեցած անձ՝ մեծ տհաճություն զգացի կարդալով այս տեղեկատվությունը։

Անկասկած, վերջին երկուսուկես տարիների ընթացքում իրապես անկախ և համարձակ դատավորների կողքին գործել են բազմաթիվ անձինք, ովքեր դակել են Նիկոլ Փաշինյանի բոլոր պատվերները՝ խայտառակելով թե՛ իրենց բարձր կոչումը, թե՛ անասելի վնաս հասցնելով ամբողջ դատական համակարգի հեղինականությանը։

Միգուցե, եթե չլինեին այդ անձանց կողմից կայացված ապօրինի դատական ակտերը, մեր հայրենիքն այսօր չէր կանգնի կործանման եզրին, և չէին կորցնի Արցախը։

Դրանով պայմանավորված՝ ես որոշել եմ նախաձեռնել մի գործընթաց, որի շրջանակում հրապարակելու եմ բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջիկայում հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանավորելու են Նիկոլ Փաշինյանի թիրախում գտնվող անձանց՝ կայացնելով առերևույթ անարդար և ապօրինի ակտեր։

Արդարությունն և արդարատությունն մեր երկրում այլևս այլընտրանք չունի, եթե, իհարկե, մենք ուզում ենք ունենալ երկիր»։