Փորձ է արվում ջնջել հայ մշակույթի վկայություններն Արցախում․ խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից․ հայտարարություն

23:02 • 19.11.20

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժինը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։

«Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։

Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։

Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»։