Զելենսկին և Պորոշենկոն վեճի են բռնվել սոցցանցերում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը կորոնավիրուսով վարակվելուց հետո գտնվում է հիվանդանոցում, նախօրեին տեսաուղերձ է հղել՝ խոսելով հանգստյան օրերին կարանտինը խախտողների մասին, որոնց թվում է եղել Ուկրաինայի նախկին նախագահ և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է EADaily-ն։
«Հանգստյան օրերին կարանտինը խախտելու համար պատժամիջոցները նույնն են լինելու բոլորի համար։ Դա վերաբերում է նաև «5-րդ էլեմենտ» ֆիթնես ակումբի սեփականատիրոջը (ֆիթնես ակումբի համասեփականատերը Պյոտր Պորոշենկոն է)։ Մի կողմից դուք գոռում եք, որ Covid-19-ի տարածման իրավիճակը օրհասական է, իսկ մյուս կողմից՝ նպաստում եք դրան»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև Պորոշենկոյին խորհուրդ է տվել վճարել կարանտինը խախտելու համար սահմանված տուգանքը։
«Դուք արդեն ստացել եք մեկ տուգանք։ Շարունակեք աշխատել հանգստյան օրերին և կլինի ևս մեկը։ Եվ դրանք, օրենսդրության համաձայն, շարունակվելու են, քանի դեռ չեք սովորել հարգել օրենքը։ Եթե պետք է 100 տուգանք, կլինի 100-ը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ այդպիսով գուցե վերջինս բյուջե վերադարձնի նախորդ տարներին գողացված գումարները։
Աղբյուրը նշում է, որ Պյոտր Պորոշենկոն չի հապաղել իր ֆեյսբուքյան էջում պատասխանել Զելենսկիի մեղադրանքներին՝ վերջինիս խոսքերն անվանելով «հոգեվարքի դրսևորում»։
Կիևում գործող «5-րդ էլեմենտ» ֆիթնես ակումբը, որի համասեփականատերը Պորոշենկոն է, չնայած կառավարության սահմանած հանգստյան օրվերին գործող կարանտինին՝ շարունակել է աշխատել։










