«Նիկոլ Փաշինյանի ֆեյքերը վիրավորում են զոհվածների ծնողներին, մարդիկ վարձատրվում են հայհոյելու համար». բողոքի ակցիա՝ կեղծ օգտահաշիվների դեմ (տեսանյութ)

12:11 • 19.11.20

Տարիներ շարունակ մարդկանց հայհոյել են «Ֆեյսբուք»-ում, գրել են ամենավերջին պիղծ բառերը, և այսօր շատ բաներ են բացահայտվում փաստերով: Դրանք տրամադրվելու են Դատախազությանը, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին:  Այս մասին Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:

Նրա ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերը վիրավորում են զոհվածների ծնողներին, մարդիկ վարձատրվում են հայհոյելու համար:

«2.5 տարի Օրբելի 23 հասցեից կառավարվել է ամբողջ ֆեյք աշխարհը: Ղեկավարողները եղել են Ալեն Սիմոնյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արարատ Միրզոյանը, և Հ1-ի ներկայիս տնօրեն, ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Նրանք զբաղվել են կեղծիք տարածելով»,-ասաց նա՝ դիմելով վերջիններիս.

«Դուք՝ որպես «ֆեյքերի բուծարանների» ղեկավարներ, պատասխան եք տալու: Ես գնամ հայրենիք պահեմ, հետ գամ, ու ճշմարտությունն ասելու համար իմ տված հարկով ինձ հայհոյե՞ք: Մեր տված հարկերով հայհոյում են զոհված զինվորների մայրերին: Հայհոյողները Նիկոլ Փաշինյանի ֆեյքերն են»,-ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ այդ հասցեից բացի այլ հասցեներում ևս գործում են նման գործունեություն ծավալող անձինք, և ինքը հերթով ներկայացնելու է տվյալները:

Ակցիայի մեկ այլ մասնակից Արսեն Նիկողոսյանն էլ հայտարարեց, թե ունեն հստակ տվյալներ, թե ովքեր են ամսական 120 հազար դրամի դիմաց հայհոյում իշխանության ընդդիմախոսներին, և, իր խոսքով, եթե մինչև այսօր ժամը 11-ը չդադարեցվի ֆեյքերի գործունեությունը, կհրապարակեն իրենց ձեռքի տակ եղած տվյալները:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նաև ծաղկեպսակ էին բերել՝ նշելով, թե տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի «ֆեյքերի հուղարկավորությունը»: