Գերեվարության մեջ գտնվող զինծառայողների համար պաշտոնային դրույքաչափը կպահպանվի․ ԱԺ–ն ընդունեց նախագիծը (տեսանյութ)

17:51 • 19.11.20

Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց և միաձայն`75 կողմ ձայնով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը», որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: 

«Օրենսդրական բացի հետևանքով առաջանում է լրջագույն խնդիր իրենց ընտանիքների կենսագոյության հետ կապված և ըստ մեզ գործող օրենսդրությունը չի համապատասխանում զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը: Նախագծի նպատակն է` պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- ասել էր նա և նշել, որ օրենքը հետադարձ ուժ ունենալու է և տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գերության մեջ են: Նա նշեց, որ դեռևս ճշգրտվում է մեր գերիների թիվը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ որոշակի փոփոխություն է եղել, Կառավարության առաջարկը ընդունվել է և նախագիծը ընդունելի է համարվել:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: