Ընտրախախտումներն առանձին դեպքեր չէին, դրանք տեղի էին ունենում միասնական ծրագրով․ Թրամփի փաստաբան

23:04 • 19.11.20

Ընտրախախտումները առանձին դեպքեր չէին, դրանք տեղի էին ունենում միասնական ծրագրով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին` մեկնաբանելով նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրախատումների մասին լուրերը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երբ մենք սկսեցինք հետաքննությունը, շատ արագ ակնհայտ դարձավ, որ դա ոչ թե մեկ նահանգում տեղի ունեցած առանձին խախտում է, այլ մի շարք նահանգներում կրկնվող խախտումների շղթա՝ գրեթե նույնական դեպքեր, ինչը ցանկացած փորձառու քննիչի համար ակնհայտ է դարձնում, որ այս ձայների կեղծարարությունը կյանքի կոչելու ծրագիր կար, մասնավորապես շեշտը դնելով դեմոկրատների կողմից վերահսկվող մեծ քաղաքների վրա, հատկապես` կոռուպցիայով հայտնի քաղաքների վրա»,- ասել է Ջուլիանին մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հատկապես ընդգծել է Ֆիլադելֆիան և Դեթրոյթը, որտեղ, Թրամփի կողմնակիցների կարծիքով, տեղի են ունեցել ամենաշատ խախտումները:

ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն Թրամփն ու իր թիմը չեն ընդունում պարտությունը: Թրամփի շտաբի կողմից հաղորդված լայնամասշտաբ ընտրախախտումները պաշտոնապես չեն հաստատվել: