«Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման կենտրոնն այսօրվանից սկսել է գործել ամբողջ ծավալով»․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

15:49 • 20.11.20

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի խնդիրների լուծման համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնն այսօրվանից սկսել է գործել ամբողջ ծավալով։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը, գրում է ria.ru-ն։

«Ռուս խաղաղապահները ներկայում հաջողությամբ իրականացնում են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հետ կապված միջոցառումների ամբողջ համալիրը: Այսօր առաջին պլան են մղվում մարդասիրական բնույթի խնդիրները։ Այդ նպատակով Ստեփանակերտում այսօրվանից սկսել է ամբողջ ծավալով գործել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը»,- հայտնել է նա։

Նշվում է, որ կենտրոնի հիմնական խնդիրներն են մշտական բնակության վայրերը լքած քաղաքացիների վերադարձը, ռազմական գործողությունների ընթացքում տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության համակարգումը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ցուցումով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի խնդիրների լուծման համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվել է լրացուցիչ հինգ կենտրոն։

Ստեղծվել են մարդասիրական ականազերծման կենտրոն, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոն, տրանսպորտային ապահովման կենտրոն, բժշկական ապահովման կենտրոն և առևտրակենցաղային ապահովման կենտրոն։

Օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։