Բորելը հաստատել է ԵՄ-ի ռազմական հայեցակարգի մշակումը. այն Բրյուսելին թույլ կտա ինքուրույն ռազմական գործողություններ կատարել՝ առանց հիմնվելու ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վրա

17:17 • 20.11.20

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն այսօր պաշտոնապես հաստատել է Եվրամիության ռազմական ինքնավարության՝ «ԵՄ ռազմավարական կողմնացույց» նոր փաստաթղթի մշակումը: Այս մասին նա գրել է Twitter-ում՝ մեկնաբանելով Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների՝ ուրբաթ օրը կայացած տեսակոնֆերանսի ժամանակ տեղի ունեցած քննարկումը։

«Այսօր ԵՄ պաշտպանության նախարարները քննարկում են, թե ինչպես Եվրամիությունը կարող է դառնալ ռազմավարական կայունության ավելի ուժեղ աղբյուր։ «Ռազմավարական կողմնացույցը» առանցքային տարր է այդ խնդրի կատարման համար», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Reuters գործակալությունն անանուն դիվանագետներին հղումով հաղորդել էր, որ նոր փաստաթղթի նպատակը Եվրամիության անվտանգության արտաքին սպառնալիքների ընդհանուր տեսլականի, դրանց հակազդման մեթոդների և նորարարական զինատեսակների, այդ թվում՝ նոր սերնդի տանկերի մշակման համատեղ նախագծերի ծրագրումն է։

Նշվում է նաև, որ ԵՄ-ի «Ռազմավարական կողմնացույցի» ստեղծումը նպատակ ունի ընդլայնել ինքնուրույն ռազմական գործողությունների ժամանակ Եվրամիության հնարավորությունները՝ գործելով առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վրա հիմնվելու։