ՀՀ-ում խոսքի արտահայտման և հավաքների ազատության նկատմամբ այս աստիճան բռնապետական ճնշումներ երբևէ չեն եղել. Ռուբեն Մելիքյան
Երևանի Բաղրամյան պողոտայում վարչապետի հրաժարականի պահանջով խաղաղ հավաքի ժամանակ բերման են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում կան հասարակական և քաղաքական գործիչներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է Ոստիկանություն՝ իրավաբանական օգնություն տրամադրելու այն մարդկանց, ովքեր բերման են ենթարկվել հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու համար և դեմ են, որ թշնամու առաջ ծնկող մարդիկ շարունակեն պաշտոնավարել։
«Բոլորս գիտենք 2018-ից փողոց փակելը բողոքի արտահայտման իրավաչափ ձև է համարվում, հիմա պատճառաբանում են, որ ռազմական դրություն է գործում, բայց բոլորիս համար հասկանալի է, որ ռազմական դրության միակ նշանակությունը բողոքի և ընդվզման ալիքը ճնշելն է, և այս պահին ոչ իրավաչափ է ռազմական դրությունը պահելը: Այս ամենը հուսահատ փորձեր են այն մարդկանց կողմից, ովքեր իրենց համարում էին ժողովրդավար, երբևէ ՀՀ-ում այս աստիճան բռնապետական ճնշումներ չեն եղել, խոսքի արտահայտման և հավաքների ազատության նկատմամբ»,– ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Ոստիկանությունում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, և իր տեղեկություններով՝ հիմա նրանք տեղափոխվում են Երևան քաղաքի Քննչական վարչություն, որպեսզի գործը հանձնեն Քննչական մարմիններին և նրանք որոշեն գործին ինչ ընթացք տալ։
«Սա ոչ թե վարչական ձերբակալում էր, այլ քրեական դատավարության շրջանակներում իրենց կողմից մտցված 225.1 հոդվածով ռազմական դրության ժամանակ հավաք կազմակերպելը և իմ տեղեկությամբ՝ շատերը այդ հոդվածով են ազատությունից զրկվել: Եթե լինեն ձերբակալություններ, հատկապես այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն մինչև 7 տարեկան երեխաներ, որը օրենքով արգելվում է, դա կլինի ակնհայտ ապօրինի ձերբակալում»,– ասաց նա:










