«Ապագա սերունդները չպետք է արյամբ վճարեն միջազգային հանրության անգործության համար». Liberation-ը հրապարակել է ֆրանսիացի դասախոսների՝ Արցախի անկախության ճանաչման համատեղ կոչը
Ֆրանսիական համալսարանների մի խումբ դասախոսներ Liberation թերթում հրապարակել են բաց նամակ, որում կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու այդ տարածաշրջանի հայ բնակչությանը միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնել՝ այդ կերպ լուծելով հակամարտությունը։
Նամակում, մասնավորապես գրված է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը ստիպված է եղել ստորագրել կրակի դադարեցման ստորացուցիչ համաձայնություն, իսկ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Ֆրանսիան, հերթական անգամ պարզապես «լվացել է ձեռքերը» հայերի ծանր դրության ֆոնին։
Նամակի հեղինակները վստահ են, որ կրակի դադարեցումը խաղաղ պայմանագիր չէ, և այս հարցում դեռ անելու շատ բան կա, ուստի այսօր հարկավոր է հայերին շտապ միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնել։
«Դրա համար կա միայն մի լուծում՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում։ Միջազգային հանրությունը պետք է գործի դնի XIX դարում ստեղծված իր հիմնարար սկզբունքներից մեկը, որը վճռականորեն հաստատվեց XX դարասկզբին Վուդրո Վիլսոնի ու Լենինի կողմից և առ այսօր ամրագրված է միջազգային իրավունքում», - նշում են հեղինակները՝ նկատի ունենալով «ինքնորոշման կամ յուրաքանչյուր ժողովրդի՝ իր պետական գոյության ձևի հարցն ինքնուրույն լուծելու իրավունքը»։
«Այդ իրավունքն անմիջապես մի քանի հարց է առաջացնում. ի՞նչ է ժողովուրդը, ինչպե՞ս է այն որոշվում և ո՞վ կարող է նրան անկախություն տալ։ Գոյություն ունեն տարբեր մեկնաբանություններ։ Ոմանք նախընտրում են տարածքային հայեցակարգը, իսկ մյուսները՝ սոցիոլոգիական սահմանումը։ Այս դեպքում ժողովրդի ինքնորոշման իրավունքը հիմնվում է ընդհանուր մշակույթի, լեզվի կամ կրոնի վրա, ինչը պատմական խորություն է տալիս։ Երրորդ չափանիշն այն պնդումն է, որ ոչ թե ժողովուրդն է հիմնավորում իր գոյությունը, այլ միջազգային հանրությունը», - ասված է նամակում։
Հեղինակների խոսքով՝ գոյություն ունի նաև չորրորդ մոտեցումը՝ «անջատում հանուն փրկության», որը միջազգային իրավունքում ամրագրվել է ընդամենը կես դար առաջ։ Այս մոտեցման գաղափարն այն է, որ սահմանների անձեռնմխելիությունը գերակա է, բացի այն դեպքերից, երբ ստեղծվում է ծայրահեղ անհրաժեշտություն, քանի որ վտանգված է լինում ինքնորոշում պահանջող բնակչության ֆիզիկական ամբողջականությունը։
«Լեռնային Ղարաբաղի դեպքում տեղ են գտել բոլոր այն չափանիշները, որոնք ավանդաբար կիրառվել են ինքնորոշումն արդարացնելու համար։ 1921 թվականի հուլիսին Ստալինը գրեթե ամբողջությամբ հայերով բնակեցված այդ տարածքը հատկացրեց Խորհրդային Ադրբեջանին։ Հետագայում մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն այդ տարածաշրջանն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ, ինչի հիման վրա էլ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն, նույն հիմունքներով ինչ և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը, օգտվեցին ԽՍՀՄ կազմից դուրս գալու իրենց իրավունքից՝ համաձայն 1990 ապրիլին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին օրենքի», - գրում են հեղինակները։
Նամակը ներկայացրած ֆրանսիացի դասախոսների խոսքով՝ 1990-ական թվականներից Լեռնային Ղարաբաղում զարգացել են սեփական քաղաքական ինստիտուտներ, որոնք տարբերվում էին Ադրբեջանի ինստիտուտներից։ Փաստացի 25 տարվա ընթացքում այն գործում է որպես անկախ պետություն։ Ընդ որում՝ եթե Ադրբեջանը բռնապետություն է, որտեղ բնակչությունը դաժան ճնշումների է ենթարկվում, մինչդեռ Ալիևների ընտանիքն ավելի քան 30 տարի է ղեկավարում է պետությունը՝ անգամ փոխնախագահի պաշտոնում նշանակելով երկրի առաջին տիկնոջը, ապա Լեռնային Ղարաբաղում տիրում է ժողովրդավարություն և ընտրությունները նշանակություն են ունենում։
«Պատերազմի ժամանակ Ադրբեջանի հարվածի տակ էին ոչ միայն մարդկային կյանքերն ու նյութական ռեսուրսները, այլև ժողովրդավարությունը, որը հիմնվել էր ամենաանբարենպաստ պայմաններում», - նշում են նամակի հեղինակները։
Նրանց խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին որոշիչ փաստարկ է հանդիսանում հայ բնակչության ոչնչացման վտանգը։ Կրակի դադարեցումը ենթադրում է, որ ռուսական զորքերը հինգ տարի պահպանելու են խաղաղությունը, սակայն պարզ չէ, թե ինչ է լինելու դրանից հետո։ Թուրքիան զորք չի ուղարկելու, սակայն կապված է լինելու այդ գործողություններին ռուս-թուրքական կառավարման կենտրոնի միջոցով, որն Ադրբեջանում հիմնվելիք ռազմաբազայի սխեման է։
«Պետք է արդյոք հիշեցնել այն մասին, որ 1915-ին Օսմանական կայսրությունում հայերը դարձել են XX դարի առաջին ցեղասպանություններից մեկի զոհը, և որ Էրդողանը հաճախ է շեշտում, որ կցանկանար ավարտին հասցնել իր օսմանական նախնիների սկսած գործը։ Անգամ եթե ենթադրվի, որ ռուսական ուժերին կհաջողվի 5 տարի այնտեղ կայունություն ապահովել, ապա այդ ժամանակահատվածից հետո սպասվող հեռանկարները պարզ են՝ սկսվելու է նոր պատերազմ և ավարտվի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներով», - գրում են հեղինակները։
Ֆրանսիացի դասախոսների պնդմամբ՝ միջազգային իրավունքի մասնագետները համակարծիք են այն հարցում, որ սահմանների անձեռնմխելիության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև կան հակասություններ, ուստի այդ սկզբունքներից մեկի կիրառումը հաճախ հակասում է մյուսին, սակայն այս խնդրի լուծումն իրականում իրավական չէ, այլ քաղաքական։
«Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Ազգային Ժողովին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը, իրենց ինստիտուտների միջոցով ստանձնել պատասխանատվություն ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Առաջին բռնկումից 35 տարի անց եկել է ժամանակը, որ այս «սառեցված հակամարտությունը», որը ծագել է ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով, վերջնական լուծում ստանա, որպեսզի երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների հետագա սերունդները չշարունակեն արյամբ վճարել միջազգային հանրության անգործության համար։ Այս լուծմանը հնարավոր կլինի հասնել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և այնտեղի հայ ժողովրդին միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնելու միջոցով։ Այսօրվա դրությամբ սա միակ իրական տարբերակն է։ Այդ ժամանակ կլինի հանգստություն, որը հարկավոր է հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ բանակցությունները սկսելու համար, և այդ ժամանակ, վերջապես, հնարավոր կլինի հաշտեցնել Հարավային Կովկասի ժողովուրդներին», - եզրափակել են նամակի հեղինակները։
Հաղորդվում է, որ հրապարակած բաց նամակի տակ ստորագրել են փիլիսոփա Ռենո Բարբարան, պատմաբան Ֆրեդերիկ Շովոն, գրականության պրոֆեսոր Կատրին Կոկիոն, փիլիսոփա Պասկալ Էնգելը, փիլիսոփա Ֆիլիպ Հյունեմանը, փիլիսոփա Ստեֆան Քրիստենսենը, փիլիսոփա Կատրին Լարերը, փիլիսոփա Ժակոբ Ռոգոզինսկին, սոցիոլոգ Արնո Սեն-Մարտենը, գրող Միշելյա Սուրյան, փիլիսոփա Կլոդին Թերսլենը, ինչպես նաև հայազգի դասախոսներ սոցիոլոգ Ռազմիկ Քեուչյանը, քաղաքագետ Թալին Փափազյանը և փիլիսոփա Պյեր Թևանյանը։










