Ղարաբաղ վերադարձող բնակիչներին կարող են ապահովել արագ կառուցվող կացարաններով. ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար
Տեղահանված բնակիչներին, որոնք պետք է ժամանեն Լեռնային Ղարաբաղ, կարող են ապահովել արագ կառուցվող բնակելի մոդուլներով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհդրակցության ժամանակ:
«Ներկա պահին սպասվում է մեծ թվով տեղահանված մարդկանց ժամանում Լեռնային Ղարաբաղ: Տարբեր գնահատումներով՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Միևնույն ժամանակ գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս մոտ 5000 մարդ տեղավորել: Մնացած բնակչության տեղաբաշխման համար տարբերակներ են մշակվում, այդ թվում՝ բնակելի մոդուլների շինարարություն արագ հավաքվող կառույցներից»,- ասել է Զինիչևը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:










