Հունաստանի կողմից F 35-երի ձեռբերմանը Թուրքիան կարող է պատասխանել ռուսական Սու 35 կամ Սու 57 կործանիչների գնմամբ. The Military Watch Magazine
Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի հետ շարունակվող տարածքային վեճերի պատճառով Թուրքիայի վրա գործադրվող ճնշման ֆոնին Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ից F 35A «անտեսանելի» կործանիչների գնման անհրաժեշտության մասին, գրում է The Military Watch Magazine-ը՝ նշելով, թե ինչպիսին կարող է լինել Անկարայի պատասխանն Աթենքի նման քայլին։
Ինչպես հաղորդում է պարբերականը, Թուրքիան բանակցություններ էր վարում ռուսական Սու 35 կործանիչների գնման համար և մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև էլ ավելի կատարելագործված Սու 57 կործանիչների նկատմամբ, սակայն ռազմական այս ինքնաթիռների գնման պատվերներ Ռուսաստանը դեռ չի ստացել, ուստի Թուրքիայի՝ F 35-ին դիմակայելու կարողությունները շարունակում են մնալ սահմանափակ։
Պաշտոնաթող թուրք գեներալ-մայոր Նեջաթ Էսլանը հայտարարել է, որ հունական F 35 ինքնաթիռների դեմն առնելու համար այս պահին Թուրքիան կարող է հույսը դնել միայն վերջերս մատակարարված ռուսական С 400 ՀՕՊ համակարգերի վրա, քանի որ դրանց համար F 35-ի «անտեսանելիությունը» խնդիր չի հանդիսանա։
Ավելի վաղ Թուրքիան ոչ միայն աշխարհում F 35A-ի խոշորագույն պատվիրատուն էր, այլև կործանիչների արտադրության ծրագրի մասնակիցը, սակայն ռուսական հակահրթիռային համակարգերի գնումից հետո Թուրքիայի բացառումն այս ծրագրից բավական անորոշ դրության մեջ դրեց Անկարային։ Միևնույն ժամանակ թուրքական TF-X հինգերորդ սերնդի կործանիչների նախագիծն առայժմ ևս անորոշ հեռանկարներ ունի։
Չնայած, որ С 400-ը ստեղծվել է ժամանակակից «անտեսանելի» կործանիչների չեզոքացման համար, ցամաքային ՀՕՊ համակարգերի գործածությունը հունական օդուժի դեմ պայքարում կարող է միայն թուրքական զինուժի ինքնապաշտպանությունն ապահովել։ Իրավիճակը հնարավոր կլինի շտկել ռուսական կործանիչների ձեռքբերմամբ, որոնք հիանալի համալրում կլինեն С 400 ՀՕՊ համակարգերին։
Ինչպես գրում է պարբերականը, բացառված չէ, որ Անկարան Հունաստանում F 35 կործանիչների տեղակայմանը պատասխանի ռուսական Սու 35 կամ անգամ Սու 57 ինքնաթիռների գնմամբ, սակայն քանի որ ԱՄՆ-ը փորձում է խանգարել ռուս-թուրքական պաշտպանական կապերի զարգացմանը, մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի նման գործողությունները կարող են արդյունավետ զսպող գործոն դառնալ Հունաստանին հինգերորդ սերնդի ռազմական ինքնաթիռների վաճառքի դեմ։










