Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցրել տեղակայումը Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
ՌԴ խաղաղպահների զորախումբն ավարտել է Ղարաբաղում տեղակայման աշխատանքները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Պարո՛ն գերագույն գլխավոր հրամանատար, Ձեր հրամանագրի համաձայն՝ ռուսական խաղաղապահական զորախումբն ավարտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայման աշխատանքները և անցել է առաջադրված հանձնարարականների իրագործմանը»,- զեկուցել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:










