ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում տեղի ունեցող ռազմական հանցագործությունների մասին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել է, որ սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են իրականացնել զինվորական հանցագործություններ, խաղաղ բնակիչների և մարդասիրական ոլորտի աշխատակիցների մահապատիժներ են իրագործում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում Սիրիայի հյուսիսարևմտան Իդլիբում «Հայաթ Թահրիր աշ-Շամի»-ի և այլ զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ մարդասիրական ոլորտի աշխատակիցների ձերբակալությունների մասին: Նաև խորը մտահոգությունների առիթ տվող հաղորդագրություններ ենք ստանում ձերբակալություններից և այսպես կոչված «դատական ընթացակարգերից» հետո փաստացի իշխանությունների կողմից իրականացվող մահապատիժների մասին»,- նշել է նա:
Տեղեկությունների համաձայն՝ չորեքշաբի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբի զինյալները հաստատել են, որ «բարոյական» և «քրեական» հանցագործությունների մեղադրանքներով իրենց մոտ են պահում 28-ամյա լրագրող Նուր աշ-Շալոյին: Նշվում է, որ կինը դեռևս սեպտեմբերին է ձերբակալվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համաձայն՝ Նուր աշ-Շալոյին կարող է մահապատիժ սպառնալ:
Շամադասանի խոսքով՝ կառույցը նաև տեղեկություն ունի այն մասին, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» զինյալ խմբավորումն արդեն մահապատժի դատապարտել է մի քանի մարդու՝ հակամարտող կողմին, այդ թվում՝ քրդական զինված խմբավորումներին և սիրիական կառավարությանը ենթադրյալ պատկանելիության կամ աստվածանարգության, ամուսնական անհավատարմության, գողության կամ սպանության համար:
Շամադասանին ընդգծել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը ուղղակիորեն արգելում է առանց նախնական դատական որոշման պատժաչափերի և մահապատժի սահմանումը:










