Պետական ամբողջ ապարատը մասնակցել է դավաճանական գործընթացի, բոլորը պատասխան են տալու. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից (տեսանյութ)

16:46 • 20.11.20

Ես վախենում եմ արժանապատվության կորստից: Ես ո՞նց պիտի երեխայիս մեծացնեմ այս պետության մեջ, ոնց պիտի այս սևությունը մաքրեմ: Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը:

«Ես խայտառակությունից եմ ամբողջ կյանքում վախեցել. արդեն 10 օր խայտառակված քնում-արթնանում եմ: Չեմ հասկանում՝ էս ազգը արժանապատվություն չունի՞»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե որպես բերման ենթարկելու հիմնավորում՝ ոստիկանները նշում են ռազմական դրությունը, քաղաքացին արձագանքեց՝ ինչի համար է ռազմական դրությունը:

«Անձնագրային բաժինները նոյեմբերի 10-ի առավոտից հանձնված գյուղերի ապրողների նորածին երեխաներին ծննդյան վկայականներ չեն տալիս, դա ո՞նց են բացատրում: Այսինքն՝ պետական ամբողջ ապարատը մասնակցել է դավաճանական գործընթացի, բոլորը պատասխան են տալու: Թունելներ են փորելու, մտնեն, դուրս չգան. մե՞զ, մեր երեխաների՞ն են խայտառակ անում»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի տարբեր փողոցներում, նաև՝ Գյումրիում, քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացրին: Մասնակիցներից շատերը բերման են ենթարկվել: