«ԼՂ-ում խաղաղության պահպանումը ՌԴ-ն համարում է իր առաջնահերթություններից մեկը»․ Շոյգու

13:45 • 21.11.20

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարել է ՌԴ-ի առաջնահերթություններից մեկը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարում ենք մեր առաջնահերթություններից մեկը։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։ Դուք արդեն նշեցիք մի շարք աշխատանքներ, որոնք կատարվում են այս տարածաշրջանում․ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև այժմ ակտիվ աշխատանք է տարվում գերիների և ձերբակալված անձանց փոխանակման հարցով, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, հարազատների և մերձավորների մոտ», - ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասլե է Շոյգուն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։