ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կարճատև հանդիպում են ունեցել․ Զախարովա

13:51 • 21.11.20

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կարճատև հանդիպում են ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան և կցել լուսանկար։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։

Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։