Մոսկվայում պատասխանել են Մոլդովայի նորընտիր նախագահի՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահներին դուրս բերելու վերաբերյալ կոչին

11:13 • 21.11.20

Ռուս սենատոր, Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն արձագանքել է Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարությանը, փոխանցում է EADaily-ն։

Twitter-ի իր էջում սենատորն ընդգծել է խաղաղապահ զորակազմի դերը, որն ապահովում է Մերձդնեստրի անվտանգությունը:

«Նրանց ներկայությունն արդեն շուրջ 30 տարի է, ինչ տարածաշրջանում խաղաղության և այնտեղ ապրող մարդկանց պաշտպանության երաշխիքն է»,- գրել է Պուշկովը:

Նա նաև հիշեցրել է, որ Մերձդնեստրում բնակվում է 220 հազար ռուս քաղաքացի, որոնց անվտանգությունը Մոլդովայի նորընտիր նախագահի աղմկահարույց հայտարարություններից ավելի կարևոր է։

Պուշկովի հետ համաձայնել է նրա գործընկեր Անդրեյ Կլիմովը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խաղաղապահների դուրսբերումը կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի:

«Եթե նրանք դուրս գան, ապա այնտեղ կարող է սկսվել հակամարտության նոր թեժ փուլ, որը ոչ մեկին հաճելի չի լինի»,- ասել է նա։

Նախօրեին Մոլդովայի նախագահ ընտրված Մայա Սանդուն հայտարարել էր, որ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում մեղմ մոտեցումն «անարդյունավետ» է եղել: Սանդուն կոչ էր արել տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին։