Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին

22:27 • 21.11.20

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների նախնական տվյալներով՝ բոլոր միամանդատ շրջաններում հաղթել են իրենց թեկնածուները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ արդյունքում կուսակցությունը 90 պատգամավորական տեղ է ստանում 150-ից:

«Մենք ունենք քվեարկության նախնական տվյալները: Ինչպես ակնկալվում էր, «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթանակ են տարել բոլոր 17 շրջաններում և պատգամավորական մանդատներ են ստացել: Հետևաբար հաջորդ խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 90 պատգամավորներով»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ չնայած ընդդիմության կողմից ընտրությունների երկրորդ փուլի բոյկոտի՝ Վրաստանի ավելի քան կես մլն քաղաքացիներ եկել էին ընտրությունների:

 Ընտրատեղամասերի փակվելուց հետո երկրորդ փուլում ընտրողների մասնակցության հայտը կազմել է 26,29 տոկոս:

Վրաստանի 17 շրջաններում այսօր կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը երկրում տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Առաջին փուլի արդյունքներով իշխող կուսակցությունը ստացել էր ձայների 48,22 տոկոսը:

Ընդդիմադիրները հրաժարվել են բոլոր պատգամավորական մանդատներից, որոնց ստացել էին համամասնական ցուցակներով, ինչպես նաև բոյկոտել էին ընտրությունների երկրորդ փուլը: