Հնդկաստանում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ. կա առնվազն 1 զոհ

00:00 • 21.11.20

Հնդկաստանի հյուսիսարևելյան Տրիպուրա նահանգի Պանիսագար քաղաքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։

Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով վիրավորվել մի քանի մարդ, նրանցից հինգի ստացած վնասվածքները լուրջ են։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ցուցարարները փորձել են փակել այդտեղով անցնող մայրուղին ու սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի ոստիկանությունը ստիպված է եղել քայլեր ձեռնարկել։ Այս պահին Պանիսագարում ու հարակից շրջաններում տեղակայվում են ոստիկանության ու բանակի հավելյալ ուժեր։

Տրիպուրա նահանգում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի կեսերին այն բանից հետո, ինչ կենտրոնական կառավարությունը հրամայել է Տրիպուրայում վերաբնակեցնել բրու ցեղի մոտ 35 հազար փախստականի, որոնք ներկա պահին հարևան Միզորամ նահանգում են։ Ցուցարարները պնդում են, որ փախստականների ներկայությունը «կխաթարի էթնիկ ներդաշնակությունն» այս շրջանում։

2019 թվականին Տրիպուրայի կառավարությունը համաձայնել է ընդունել փախստականներին՝ խոստանալով, որ նրանք կստանան նահանգի բնակիչների բոլոր իրավունքնեն ու կներառվեն ընտրողների ցուցակներում, սակայն նման որոշումը դժգոհություն առաջացրեց տեղի բնակիչներից շատերի շրջանում։