Սահմանված ձևի համազգեստի կրումը թույլ է տալիս այն կրող անձանց նույնականացնել որպես ոստիկաններ. միայն այդ դեպքում հասարակ քաղաքացին պարտավոր է ենթարկվել նրանց օրինական պահանջներին. Կ. Քոչարյան

01:11 • 21.11.20

Տեղյակ եք արդյոք, որ Ոստիկանության ծառայողների,այդ թվում՝ հատուկ հանձնարարություններ կատարող ստորաբաժանումների աշխատակիցների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ և ոստիկանապետի հրամանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ հանրապետությունում իրականացվող անհնազանդության ակցիաների մասնակիցներին բերման ենթարկողները եղել են բացառապես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ:

Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին

Հարգելի պարոն Ղազարյան
Տեղյակ եք արդյոք, որ Ոստիկանության ծառայողների, այդ թվում՝ հատուկ հանձնարարություններ կատարող ստորաբաժանումների աշխատակիցների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ և ոստիկանապետի հրամանով։
Սահմանված ձևի համազգեստի կրումը նախ և առաջ թույլ է տալիս այն կրող անձանց հասարակության մեջ նույնականացնել որպես ոստիկանության ծառայողներ,որոնք իրավասու են կատարել իրավապահ գործառույթներ։ Միայն այդ դեպքում հասարակ քաղաքացին տեսողական ճանաչման միջոցով այդ ծառայողներին ընկալելով իբրև օրենքի պահապաններ,պարտավոր է ենթարկվել նրանց օրինական պահանջներին։

Հակառակ դեպքում, երբ ենթադրյալ ծառայողները կրում են անհասկանալի ձևի,գույնի և դրան էլ վերադիր՝ հիերոգլիֆներով գունազարդված հագուստ, քաղաքացին կարող է ողջամտորեն այդ անձանց համարել օրինակ՝ նինձյաներ, հելոուինի կերպարների կամ ինչու ոչ՝ իսլամական գրոհային ջոկատայիններ։ Հետևապես ,քաղաքացիները այս դեպքում ունեն նաև ինքնապաշտպանվելու կամ նվազագույնը՝ այդ անձանց որևէ պահանջ չկատարելու սահմանադրական իրավունք։

Իսկ հիմա նայեք այս նկարին և պատասխանեք, ովքեր են այս մարդիկ և ինչ գործ ունեն նրանք Երևանում»: