Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել, ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ
Փարիզում «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ բողոքող ցուցարարները սկսել են շշեր նետել ոստիկանության վրա:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, բողոքի ակցիան կազմակերպել են լրագրողների արհմիությունները:
Փարիզի Տրոկադերո հրապարակը լեփ-լեցուն է մարդկանցով: Նրանցից շատերը պաստառներ են պատրաստել՝ «Ոչ «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծին», «Ո՞վ մեզ կպաշտպանի ոստիկանությունից» գրություններով:
Ցուցարարները դատապարտում են փաստաթղթի 24-րդ հոդվածը՝ պնդելով, որ այն «բացում է դռները ոստիկանության ագրեսիայի համար»:
Ցույցեր են տեղի ունենում Ֆրանսիայի նաև այլ քաղաքներում:
Նախօրեին Ֆրանսիայի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել հասարակական բողոքի ալիք բարձրացրած 24-րդ հոդվածը, որը մեկ տարվա ազատազրկման և 45 000 եվրոյի չափով տուգանք է նախատեսում «ոստիկանի, ժանդարմի դեմքի կամ նույնականացման այլ տարրի պատկերի» տարածման համար՝ «վերջինիս ակնհայտ վնաս պատճառելու նպատակով»:










