Բեռլինում կարանտինային միջոցների դեմ բողոքի երկրորդ ակցիան է տեղի ունենում մեկ շաբաթվա ընթացքում
Կիրակի Գերմանիայի մայրաքաղաքում վերսկսվել են կարանտինային միջոցների դեմ բողոքողների ցույցերը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի պետական քաղաքականության դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիները երթ են կազմակերպել Բեռլինի փողոցներով:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ միջոցառումը համաձայնեցված է, դրան կարող է մասնակցել մինչև 5 000 մարդ, սակայն նրանց թիվը դեռ զգալիորեն քիչ է:
Ակցիան ստացել է «Լռության երթ» անվանումը: Երթը սկսվել է Պրենցլաուեր բերգ շրջանից, իսկ ավարտական կետը լինելու է Ալեքսանդերպլաց հրապարակը: Այնտեղ էլ տեղի կունենա ավարտական ցույցը:
Ցուցարարների խոսքով՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում կիրառվող միջոցառումները սահմանափակում են իրենց ազատությունները:
Կարգուկանոնն այսօր 600 իրավապահներ են հսկում: Գերմանիայում նոյեմբերի 2-ից կարանտինային ռեժիմ է գործում: Բեռլինի բնակիչներն օրեր առաջ դարձյալ ցույցի էին դուրս եկել, որի ընթացքում հարյուրավոր մարդիկ բերման էին ենթարկվել:










