Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Պիետրոդարկին արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ստեղծագործություն է կատարել (տեսանյութ)
Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երաժշտական ստեղծագործություն է կատարել. այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ստեղծագործության հեղինակ, կոմպոզիտոր, կլարնետահար Մարտին Ուլիխանյանը:
«Արցախյան զինվորի հիշատակին իմ վոկալիզը: Շնորհակալ եմ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին հրաշալի կատարման համար»,- ելույթի տեսագրությանը կից գրել է Ուլիխանյանը:
Հայտնի է, որ իտալացի ակորդեոնահարը հաճախ է Երևանում ելույթներ ունենում և բազմիցս խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանը և հայերին:
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտերի ժամանակ նա միջազգային հանրությանը կոչ էր արել աղոթել Հայաստանի համար:
«Հայաստանը սքանչելի երկիր է՝ բնակեցված հրաշալի մարդկանցով, որոնք արժանի չեն նման վերաբերմունքի: Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան անի, քանի որ հապաղումը կարող է ճակատագրական լինել: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղում ամեն բան կհարթվի: Սիրում եմ քեզ Հայաստան»,- գրել էր Պիետրոդարկին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։










