Համաձայն չեմ, թե պարտված իշխանությունը պետք է հեռանա․ իշխանությունն ունի անելիք և պետք է շարունակի այս գործընթացը. Արփի Դավոյան (տեսանյութ)
Ես չեմ համարում, որ Կառավարությունը պետք է հրաժարական տա, և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, հետպատերազմական իրավիճակում դա կլինի անպատասխանատվություն, և չի կարող Կառավարությունը հրաժարական տալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ չեն գնում հանրաքվեի հասկանալու համար հանրային տրամադրությունները իշխանության նկատմամբ, Դավոյանը պատասխանեց. «Մենք այս պահին ունենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունենք գերիների, անհետ կորածների հարց, բազմաթիվ անտուն քաղաքացիներ, այս ամենի ֆոնին պատկերացնո՞ւմ եք, գալիս են ինչ-որ մարդիկ, ասում են՝ վարչապետը պետք է հեռանա»:
Ի պատասխան հարցի՝ քաղաքական և ռազմական իշխանությունը պարտվե՞լ է, թե ոչ, նա ասաց, որ Հայաստանն է պարտվել: Ճշտող հարցին էլ, թե պարտվածն ի՞նչ պիտի անի, Դավոյանն արձագանքեց, թե նայած ով ինչպես է ուզում մեկնաբանել:
Դիտարկմանն էլ, թե մարդիկ ասում են՝ պարտված իշխանությունը չի կարող այլևս լինել իշխանություն, Դավոյանն արձագանքեց, որ ինքը համաձայն չէ: «Իշխանությունն ունի անելիք և պետք է շարունակի այս գործընթացը այնքան ժամանակ, մինչև հասկանա իր գործողությունները: Մենք ունենք միջազգային պարտավորություններ, բանակցություններ, սահմանների հարց և այստեղ անընդհատ ասել՝ իշխանությունը պետք է հեռանա, դա տրամաբանական չէ»,- շեշտեց նա:
Հարցին, թե ինչպես են այսքանից հետո փողոց դուրս գալիս, Դավոյանը պատասխանեց, որ շատ հանգիստ փողոց է դուրս գալիս:
Մեկ այլ ճշտող հարցի էլ՝ հողեր հանձնելուց հետո, ինչպե՞ս է ՀՀ իշխանությունը նայում ժողովրդի աչքերին, նա արձագանքեց. «Որևէ մեկը հող չի հանձնել, այդ թեզերը՝ հող հանձնողի, դավաճանի վերջացրեք, պատերազմ է տեղի ունեցել: Մենք բոլորս կորուստ ենք ունեցել, բայց օգտագործել այդ ամենը, ես սխալ եմ համարում»:
Tert.am-ի ճշտող հարցին, թե Բերձորի մասին ի՞նչ տեղեկություն ունի որպես իշխանության ներկայացուցիչ, մե՞րն է, թե ոչ, նա պատասխանեց, որ հիմա, ըստ համաձայնագրի, այդտեղ գրված է 5 կմ, որը պետք է հսկվի խաղաղապահների կողմից, հիմա կատարվում է սահմանների շտկում, ճշգրտում:
Հարցին էլ՝ քարտեզին նայե՞լ է, ի՞նչ է զգացել, նա պատասխանեց. «Բոլոր զգացողությունները, որ դուք ունեք, ես էլ ունեմ, մենք պարտավոր ենք պահպանել խաղաղությունը, պարտավոր ենք համաձայնագրի հաշվին առաջացած սպառնալիքները վերահսկել և որի համար մեկ օրը, երկու օրը քիչ է, դա երկարատև գործընթաց է, այդ ամենը պետք է կատարվեր»:
Իսկ, թե որն է այդ փաստաթղթից մեր օգուտը, Արփի Դավոյանն ասաց, որ այստեղ օգուտի խնդիր չկա․ եկել էր այս փաստաթղթի ստորագրման այն պահը և այս փաստաթուղթը անհնար էր չստորագրել:
Ճշտող հարցին էլ՝ փաստաթղթի ո՞ր տողն է Փաշինյանի հստակեցրածը, նա արձագանքեց. «Ես որևէ տողի գրմանը չեմ մասնակցել, նման հարցը ոչ կոռեկտ է, կան հարցեր, որ պատասխան չեն կարող ենթադրել»:










