Բյուջեն այլևս վստահություն չվայելող իշխանության ֆինանսական միջոցների դրամարկղն է. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

16:53 • 26.11.20

Հարցրե՞լ եք փոխանցողներին, համաձա՞յն են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները գնան բյուջե, որովհետև բյուջեն այլևս վստահություն չվայելող իշխանության ֆինանսական միջոցների դրամարկղն է և հաջորդ անգամ մարդիկ կարող են համաձայն չլինել տալ գումար, այսինքն՝ քաղաքական սխալ է տեղի ունեցե, եթե մի անգամ հասցեն փոխում  ես, հաջորդ անգամ ժողովուրդը կարող է էլ չտա, իսկ դրանից մենք չենք շահելու. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե «Հայաստան» Համահայկական հիմնադրամը հանգանակած գումարը փոխանցվել է պետբյուջե, հասկանալի՞ է այն բացատրությունը, որը ներկայացրել է ֆինանսների նախարարությունը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ֆինանսների նախարարությունը 73 մլն դրամ է դուրս գրել պարգևավճարների համար, արդյո՞ք դա  ֆինանսների ճիշտ կառավարում է, Մելքումյանը նշեց. «Դա նշանակում է, որ ձուկը գլխից է հոտել և ամեն ինչ որոշվում է բարձրագույն բուրգում,  մինչև  այն վերևի նստածի  հարցերը չլուծվի, ներքևներում՝ պարգևավճար, բյուջե այդ բոլորը գալիս է հիմնական մի կետից, սա է խնդիրը, կլուծվի այդ հարցը, կունենաք նոր իրականություն»:

Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Վարչապետի այն հայտարարությանը, որ հանրային պահանջ չկա իր հրաժարականի համար, նշեց, որ 17 կուսակցությունների կողմից ասվել է քայլերի հաջորդականությունը հանրահավաքում, նշվել է՝

«Հանրահավաքում հավաքված մարդկանց ոչ թե քանակը, այլ որակն եմ ես գնահատում, այնտեղ կան մտավորականներ, մշակույթի գործիչներ և այսօր ես շնորհակալություն հայտնեցի ԵՊՀ-ի գիտխորհրդին Երևանի գիտությունների ակադեմիայի նախագահությանը, գլուխ խոնարհեցի, որ մարդիկ քաղաքացիական արիություն դրսևորեցին և չմնացին իշխանական բյուրոկրատական մակլավիկների մեջ, որը բնորոշ է եղել Հայատանի 30 տարվա բոլոր իշխանություններին»:

Հարցին, թե մեղադրում են, որ ընդդիմութունը հստակ չի նշում, ո՞վ է վարչապետի թեկնածուն լինելու և ովքե՞ր են լինելու Կառավարության ժամանակավոր կազմում, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ամեն ինչ իր հերթին հանգիստ, հանդարտ քայլերով կլինի, կգա ժամանակը, կիմանաք, իսկ դա շատ հեռու չէ»: