Նիկոլ Փաշինյանը, ում վրա ծիծաղում է Ալիևը, պատերազմը տանուլ տալուց հետո կառչել է աթոռից, նա ինչպես է գնալու բանակցության. այսօր ՀՀ շահը պահանջում է, որ նա հեռանա. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պատերազմը տանուլ տալուց հետո կառչել է աթոռից: Եթե Ալիևն իր վրա ծիծաղում է, նա ինչպես է գնալու բանակցության: Ամոթ է, պետք է գնա, կգան մարդիկ, որոնք այս իրավիճակից լուծում կարող են գտնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Այսօր իշխանության ներկայացուցիչները շարունակում են պաշտպանել ռազմական դրությունը, որ երկարաձգեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց այդպես չի լինելու: Վախենում են, որ իշխանությունը կորցնեն, միանգամից սահմանադրական կարգի բազմակի տապալման համար Նիկոլ Փաշինյանին դատելու են:
Նիկոլ Փաշինյանը վերջնականապես խայտառակվել է, հիմա պարզապես օրերն է ձգում կամ մտածում է՝ ոնց փախչել, բայց եթե փախչի էլ, բռնելու են»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները նշում են, որ Փաշինյանն ի վիճակի է բանակցել, և պետք է համախմբվել նրա շուրջ, Պետրոսյանն արձագանքեց՝ ում շուրջը համախմբվել, Նիկոլ Փաշինյանի՞.
«Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, ի՞նչ է, որ իր շուրջը համախմբվենք, կամ իշխանության ո՞ր արածի համար իր շուրջը համախմբվենք: Թող մի լավ բան ասեն, համախմբվենք: Նիկոլ Փաշինյանից՝ որպես գերագույն, շինծու, ինքնահռչակ հրամանատար, պահանջում եմ մի կոնկրետ միջոցառում վկայակոչել, որը վերաբերում է ռազմագերիների վերադարձին և զոհված հերոսների դիերը բերելուն: Հիմա կասի՝ բանակցում ենք, բայց զզվել ենք այդ հեքիաթներից»,-ասաց պատգամավորը
Հարցին՝ հնարավո՞ր է նախաձեռնել անվստահության գործընթաց, Պետրոսյանն արձագանքեց, թե դա իշխանության բարեխղճությունից է կախված. «Երբ ԱԺ պատգամավորը երդում է տալիս, նա ոչ թե երդվում է ծառայել Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ-ին: Այսօր ՀՀ շահը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը, ում վրա ծիծաղում է Ալիևը, հեռանա»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացին, Պետրոսյանն ասաց, թե դա խայտառակություն է և իշխանություններին ոչինչ չի տա:
«Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի ամեն վատ բան բարդել ընդդիմության վրա, լավ բաները վերագրել իրեն: Տարբեր գործարանների բացմանը գնում էր, ժապավեն էր կտրում, այդ պահերին հայտնի չէր Ծառուկյանի հետ կապված ոչինչ: Փաշինյանը միշտ հակասել է իրեն: Ծառուկյանը Փաշինյանի համար վտանգ չի ներկայացնում, պարզապես վերջինս, հաշվի առնելով Ծառուկյանի հեղինակությունը, մտածում է, որ նա այս ամենն անում է իր պաշտոնին տիրանալու համար, բայց Ծառուկյանը հազար անգամ ասել է՝ պաշտոն ստանձնելու որևէ հավակնություն չունի»,-ասաց Պետրոսյանը:
Հարցին՝ ընդդիմության թեկնածուն ո՞վ է, շրջանառվում են Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի անունները, Պետրոսյանն արձագանքեց, թե ինքը քննարկման չի մասնակցել, որոշում էլ չկա: «Ընդդիմությունը համախմբվում է հանուն Հայաստանի, թե կոնկրետ ում շուրջ, դրա մասին հայտարարություն կարվի»,-նշեց նա:
Հարցին՝ հավանական համարու՞մ է Ծառուկյանին կալանավորելը, պատգամավորը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է. «Բայց հարց է՝ դա Հայաստանին ինչքանո՞վ է պետք լինելու: Մարդը, որ մի անգամ ձերբակալվում, կալանավորվում է, արդեն իմունիտետ է ձեռք բերում: Ձևական պրոցես է: Չհասկացա՞ն, որ Ծառուկյանը չի վախենում: Թող էլի կալանավորեն, դրանով ՀՀ որևէ հարց չի լուծելու, հակառակը՝ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալը բացառապես օգուտ է»,-ասաց ԲՀԿ պատգամավորը:










